Մեր մասին
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
ԳՅՈՒՄՐՈՒ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
<<Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց>> ՓԲԸ-ն (նախկին Ավստրիական Մանկական Հիվանդանոց) հիմնադրվել է 1991թ. դեկտեմբերին: Հիվանդանոցի կառուցումը Ավստրիայի հանրապետության բարի կամեցողության դրսևորումն է Սպիտակյան երկրաշարժից տուժած հայ ժողովրդին, մասնավորապես` շիրակցիներին: Հիվանդանոցը սկսեց գործել 1992թ-ից և մինչև այժմ այն համարվում է հանրապետությունում խոշոր, իսկ Շիրակի մարզում միակ մանկական բազմապրոֆիլ հիվանդանոցը: Այստեղ իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն, տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ, այդ թվում մանկական տարբեր հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում և բուժում, շարունակական հսկողություն: Հիվանդանոցը յուրաքանչյուր տարի բժշկական օգնություն է տրամադրում մարզի հազարավոր երեխաների (նորածինների, մանուկների և դեռահասների):
Հիվանդանոցում աշխատում են Հայաստանում և արտասահմանում վերապատրաստված հմուտ և փորձառու մասնագետներ, որոնք որակյալ ծառայություններ են մատուցում երեխաների և նրանց ընտանիքների նկատմամբ տածած խորը գթասրտությամբ:
Այսօր հիվանդանոցն ունի մանկաբուժական, ընդհանուր վիրաբուժական, մանկական և նորածնային ռեանիմացիայի, ֆիզիոթերապիայի իսկ 2013թ-ից նաև մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները, կանանց կոնսուլտացիայի ծառայությունը և մարզում միակ էնդոկրինոլոգիական և շաքարային դիաբետով երեխաների շարունակական հսկողության և վարման դիսպանսեր կենտրոնը:
Առաջարկվող ծառայությունների շարքում են նաև մեծահասակների համար նախատեսված ծառայություններ` ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբուժություն, լաբորատոր ախտորոշում:
Հիվանդանոցում առկա է նաև շտապ բուժօգնության հատուկ մեքենա` ռեանիմոբիլ հարմարեցված նորածնային արհեստական շնչառության սարքավորումներով:
Հիվանդանոցի ախտորոշիչ հնարավորությունները ընդգրկում են մանրէաբանական, իմունոլոգիական, կլինիկական, բիոքիմիական, բջջաբանական և հյուսվածքաախտաբանական լաբորատորիաները, ուլտրաձայնային, ռենտգեն հետազոտությունները: Այստեղ տրամադրվում են նաև նյարդաբանի, սրտաբանի, մաշկաբանի, ակնաբույժի և էնդոկրինոլոգի ծառայություններ:
2013թ-ին Ավստրիական մանկական հիվանդանոցում բացվեց նոր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, իսկ վերջինս վերանվանվեց <<Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց>> ՓԲԸ-ի:
ՀՀ նախագահի և ավստրիացի բարերարների հովանավորությամբ բաժանմունքը վերանորոգվեց, կատարվեցին ներքին հարդարման աշխատանքներ, իսկ հիվանդասենյակները հագեցան նոր գույքով և անկողնային պարագաներով: Շատ կարճ ժամանակահատվածում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը դարձավ առաջատարը մարզում` հղիների հսկողության վարման, տարբեր կանացի գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման, ինչպես նաև իր ծննդաբերական ծառայություններով:
Ստեղծման օրվանից մենք համագործակցում ենք Ավստրիայի մեր գործընկերների` Վիեննայի ԱՄՀ օժանդակող միության հետ: Բարեգործների աջակցության և գործընկերների հետ համագործակցության շնորհիվ հիվանդանոցն ապահովված է ժամանակակից սարքավորումներով: Մեր հմուտ և փորձառու մասնագետները հնարավորություն ունեն իրենց գիտելիքները ընդլայնել Ավստրիայի առաջատար հիվանդանոցներում:
Վստահ եմ, որ կատարված աշխատանքները ծառայելու են մեր ազգաբնակչության, մասնավորապես` երեխաների, դեռահասների, կանանց ու հղիների առողջության ամրապնդման համար:
Հարգանքներով և ջերմ ողջույններով
Գործադիր տնօրեն` Հովհաննես Համլետի Վարձելյան